«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Կույս Մարիամով կանայք վերստացան մարդկային ցեղի կորցրածը

Կույս Մարիամով կանայք վերստացան մարդկային  ցեղի կորցրածը
06.04.2012 | 00:00

Այս տարի Ավետման տոնը համընկավ Հիսուսի Հարության տոնի շաբաթին` Ապրիլի 7-ին։ ՙԱվետիս՚ նշանակում է բարի լուր: Բարի լուրեր շատ են եղել, բայց այս մեկը գերազանց էր բոլորից, քանի որ այն ողջ մարդկությանն է վերաբերում։ Սուրբ կույս Մարիամը, երբ դեռ 14-ամյա մի աղջնակ էր և նշանված բարեպաշտ Հովսեփի հետ, ապրում էր Գալիլիայի Նազարեթ քաղաքում։ Եվ արդեն վեց ամիս էր անցել, ինչ Աստված Գաբրիել հրեշտակապետի միջոցով Զաքարիա քահանայապետին ավետեց, որ նրա կինը՝ Եղիսաբեթը, որն ամուլ էր ու արդեն տարիքն անցած, պիտի հղիանա ու մի որդի ծնի՝ Հովհաննես Մկրտչին։ Նույն Գաբրիել հրեշտակապետը Աստծո կողմից ուղարկվեց նաև կույս Մարիամի մոտ։ Հրեշտակը, այցելելով սրբուհի Մարիամին, ասաց. ՙՈՒրախացի՜ր, ո՜վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է՚: Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ինչ էր նշանակում այս ողջույնը:

Հրեշտակը նրան ասաց. ՙՄի՜ վախեցիր, Մարիա՜մ, որովհետև դու Աստծուց շնորհ գտար: Ահա դու կհղիանաս, մի Որդի կծնես և Նրա անունը Հիսուս (Փրկիչ) կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի: Եվ Տեր Աստված Նրան կտա Նրա հոր՝ Դավթի աթոռը, և Նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու Նրա թագավորությունը վախճան չի ունենա՚: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. ՙԻնչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում՚: Հրեշտակը պատասխանեց և ասաց նրան. ՙՍուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև Նա, Ով ծնվելու է քեզանից, սուրբ է և Աստծու Որդի կկոչվի: Ահա քո ազգական Եղիսաբեթը ևս հղի է իր ծերության մեջ, և սա հղիության վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչվում, քանզի Աստծու համար անկարելի ոչինչ չկա՚: Մարիամն ասաց. ՙԱհավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը. թո՜ղ քո խոսքի համաձայն լինի ինձ՚: Եվ հրեշտակը հեռացավ նրանից (հմմտ. Մարկ. Ա 26-38): Սուրբ Ավետմամբ Որդին Աստված մարմնացավ, մարդացավ, վերցրեց սուրբ Մարիամի կուսական արյունից և միավորեց Իր Աստվածությանը, և ՙԿատարյալ Աստված եղավ կատարյալ մարդ՚՝ միավորյալ մեկ աստվածամարդկային բնությամբ: Ավետման այս տոնը կոչվում է նաև Մայրության տոն, որովհետև սուրբ կույս Մարիամի ստացած ավետիսով կանայք վերստացան մարդկային ցեղի նախամոր՝ Եվայի մեղքի պատճառով կորցրածը: Սուրբ կույսը, պահպանելով հանդերձ կուսության իր պատիվը, մայրացավ, դարձավ Աստծո մայրը, կրեց Նրան իր սուրբ արգանդում 9 ամիս և 5 օր՝ մինչև Փրկչի ծնունդը (ապրիլի 7-ից մինչև հունվարի 6-ը):

Ըստ ավանդության, հայտնի է նաև, որ Հիսուսը ծնվեց հենց այն քարայրում, որտեղ նախկինում թաղված է եղել նախաստեղծ Եվան, այդ պատճառով Հիսուսը կոչվում է Երկրորդ Ադամ, իսկ կույս Մարիամը՝ Երկրորդ Եվա։ Եվ այս ավետմամբ պատվվեց ոչ միայն կույս Մարիամը՝ արժանանալով Աստծո Մայր կոչվելու եզակի և բարձրագույն պատվին, և դարձավ երանելին բոլոր կանանցից, այլև պատվվեց մայրությունը, ինչը դարձավ մարդկության փրկագործության անգնահատելի մասը, քանզի եթե չկա մայրություն, ուրեմն փրկվողներ չեն լինի։ ՈՒ քանի որ մարդ արարածին, ի տարբերություն մնացած ստեղծվածների, տրված է վերստին ծնվելու իրավունք սուրբ մկրտությամբ, այդ պատճառով էլ Եկեղեցին կոչվում է նաև Մայր հոգիների՝ Մայր եկեղեցի, քանի որ նրա սուրբ ավազանից ենք ստանում մեր հոգևոր ծնունդը։ Նաև մայր անունով ենք պատվում այնպիսի սրբություններ, ինչպիսիք են՝ մայր հայրենիքը, քանի որ նրանում ենք ապրում ու գործում, մայրենի հողը, քանի որ նա է մեր գոյության գրավականը, մայրենի լեզուն, քանի որ մեր կյանքի առաջին իսկ պահերից մեր մայրերի քաղցրաբարբառ շուրթերից լսում ենք այն ու սովորում իբրև մեր անհատական ու ազգային ինքնության հիմքը:

Հայ առաքելական եկեղեցին հնուց ի վեր տոնել է Սուրբ Ավետման այս սքանչելի և մեծ տոնը: Սա հաստատուն, անշարժ տոն է, ամեն տարի տոնվում է ապրիլի 7-ին: Սուրբ Ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության օրհնության օր: Այդ օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության արարողություն։ Ապրիլի 7-ը նաև պետական տոն է՝ Մայրության և գեղեցկության օր: Ավետման այս մեծախորհուրդ տոնի վերաբերյալ հրապարակումն ավարտենք մի գողտրիկ աղոթք-շարականով` նվիրված մեր բոլորի Մայր Մարիամ Կույսին.

Ցնծա՛ Մայր անճառելի Լույսի,

Աստվածածին սուրբ Մարիամ,

որովհետև քո մեջ կրեցիր

հուրն Աստվածության

ու չբոցակիզվեցիր։

Լուսեղեն տաճար Աստծո խոսքի,

բարեխոսիր Որդուդ մոտ

մեր անձերի փրկության համար. ամեն։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ